Վերահսկիչ Պալատը (ՎՊ) դուրս է եկել իր իրավասությունների շրջանակներից եւ խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածն ու «Վերահսկիչ Պալատի Մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը: Այս մասին ասված է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության հաղորդագրության մեջ:

Ըստ այդմ, ՎՊ-ն վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների եւ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական սեփականության օգտագործման նկատմամբ:

ՎՊ-ն լիազորված է իրականացնել ստուգումներ միայն պետական մարմիններում եւ տեղական ինքնակառավաման մարմիններում: Իսկ եթե նման ստուգումների ընթացքում անհրաժեշտություն է ծագում վեր հանելու որոշակի հարցեր մասնավոր սուբյեկտի մոտ, ապա ՎՊ-ն լիազորված է իրականացնել միայն հանդիպակաց ստուգում.  ընդ որում` հանդիպակաց ստուգումը կարող է կատարվել միայն նման որոշակի հարցերի շրջանակներում:

Միաժամանակ, մասնավոր անձանց մոտ հանդիպակաց ստուգման ընթացքում, ՎՊ-ն իրավունք չունի անդրադառնալ բյուջետային մուտքերին վերաբերող հարցերին եւ նրանց առաջադրել ֆիանսական պարտավորություններ: