Մերը թիմային պայքար է, մենք ընկերներ ենք: Այս մասին հայտարարել է Լոռիում ՀՀԿ տարածքային թեկնածու, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք լարված են իր եւ նույն մարզում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Կարեն Կարապետյանի հարաբերությունները՝ որպես հիմնական մրցակիցներ:

«Մերը թիմային պայքար է, մենք ընկերներ ենք, եւ նաեւ ընդդիմադիր մեր գործընկերներն են իմ ընկերները, որեւէ մեկի հետ լարված հարաբերություն չունեմ, ընտրություններից հետո մենք բոլորս պետք է բանակցային ու սուրճի սեղանի սուրճ հավաքվենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նա թեկնածուներին կոչ արեց չբեւեռացնել հանրությանը եւ իրար հետ վատ չլինել. «Մենք լավ ենք լինելու իրար հետ, սա պարզապես թիմային պայքար է, բայց հայկական բնավորություն է, որ մենք պետք է առավել շատ ձայն հավաքենք, բայց մենք չպետք է որեւէ մեկին թերագնահատենք»:

Նշենք, որ Վահրամ Բաղդասարյանը ՀՀԿ համամասնական ցուցակում զբաղեցնում է 152-րդ հորիզոնականը, իսկ Կարեն Կարապետյանը՝ 156-րդը: Այս ընտրական տարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված է նաեւ ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադ), որը նույնպես լուրջ մրցակից է համարվում:

Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում