Նոյեմբերի 15-ին Մարիոթ Արմենիա հյուրանոցի Տիգրան մեծ դահլիճում կայացել է Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի բացման խոսքով հանդես են եկել հանձնաժողովի համանախագահներ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի ամերիկյան օժանդակության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը:
Ներսես Երիցյանն իր խոսքում նշել է. «ԱՄՆ կառավարության կողմից ցուցաբերած օժանդակությունը, մասնավորապես` «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի, CAPS-ի շրջանակներում իրականացված գործունեության, Հայաստանի հարկային եւ մաքսային վարչարարության, ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ, կարեւորվում է ՀՀ կառավարության կողմից»:
Նա նաեւ ընդգծել է. «Համոզված եմ, որ այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերն արդյունավետ լուծումներ կստանան մոտ ապագայում»:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Հայաստանի եւ ԱՄՆ պետական գերատեսչությունների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք: Նիստին հրավիրված էին ՀՀ պետական մարմինների, Հայաստանում ԱՄՆ դեսպանության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ գործարարներ:
Նիստի ընթացքում քննարկվող հարցերն առնչվում էին գործարարության համար նպաստավոր միջավայրի ձեւավորմանը, մակրոտնտեսական իրավիճակի գնահատմանը, հարկային եւ մաքսային քաղաքականությանը եւ վարչարարությանը, որակի միջազգային ստանդարտների ներդրմանը, ինչպես նաեւ արդար եւ հավասար մրցակցությանը:
Նիստի աշխատանքներին հաջորդել է համատեղ Մամուլի ասուլիսը: Ասուլիսի բանախոսներն էին Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Ներսես Երիցյանը եւ Դենիել Ռոզենբլյումը:





























