ԳԱԿ-ի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում  տեղի ունեցավ «Հանդիպում Գրքի հետ» կրթական ծրագրի ամփոփումը, ինչպես նաեւ ծրագրին մասնակից երեխաների նկարազարդումներով եւ Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների դիզայնով ստեղծված տպագիր գրքի շնորհանդեսը:

«Հանդիպում գրքի հետ» կրթական ծրագիրը, իրկանացվել է  Beeline-ի հովանավորությամբ,  որն անցկացվում էր Կենտրոնի «Գրիգոր Խանջյան. Պատկերից անդին» ցուցադրության շրջանակներում, այն նախատեսված էր բոլոր տարիքի դպրոցականների համար՝ Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների հետ համագործակցությամբ: 2-10-րդ դասարանների ավելի քան 270  դպրոցականներ 16 դպրոցներից մասնակցել են ծրագրին, ովքեր ցուցադրության շրջանակներում ծանոթանացել են հայ մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի գրքարվեստին:

«Կենտրոնի «Հանդիպում Գրքի հետ» կրթական ծրագիրը ստեղծագործական հարթակ դարձավ թե' ներգրավված ուսանողների, թե' մասնակից դպրոցականների համար՝ նպատակ ունենալով վերջիններիս ներկայացնել գրքի նկարազարդումը որպես արվեստի տեսակ, խթանել սեր եւ գնահատանք ընթերցանության հանդեպ՝ վերարժեւորելով տպագիր գրքի կարեւորությունը թվային տեխնոլոգիաների դարաշրջանում: «Հովհաննես Թումանյան. Ստեղծագործությունների ընտրանի» գիրքը, որի ձեւավորումը հեղինակել են ներգրավված ուսանողները, ընդգրկում է գործնական պարապմունքների շրջանակներում մասնակից դպրոցականների նկարազարդումները՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթական փորձը հասանելի դարձնելով արվեստասեր լայն հանրությանը: Շնորհակալ ենք Beeline-ին Կենտրոնի կրթական ծրագրերի շրջանակներում շարունակական համագործակցության համար»,- մեկնաբանեց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ իրականացված սոցիալական ծրագրերն ուղղված են երեխաների եւ նրանց ծնողների կյանքն ավելի լավ դարձնելուն։ Բազմաթիվ անգամներ անձամբ ականատես եմ եղել, թե ինչ խանդավառությամբ են երեխաները եւ նրանց ծնողները ստեղծում իրենց աշխատանքները, ինչը մեկ անգամ եւս վկայում է այն մասին, որ  մենք ճիշտ ուղու վրա ենք: Շատ տպավորված եմ ծրագրի մասնակից երեխաների նկարազարդումներով տպագրված գրքով եւ որոշել եմ իմ օրինակը նվիրել իմ երեխաներին, որպեսզի նրանք մեկ անգամ եւս հաղորդակից դառնան մեր մշակույթին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան եւ այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: 2015թ. Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ–ի Պատկերասրահ Մեկում բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվեց ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների եւ այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների եւ տվյալների բազաների առցանց շտեմարանները։