12 մարդու սպանության կասկածանքով ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կուշչեւսկայա քաղաքում ձերբակալվել է տեղի հանցավոր խմբավորման պարագլուխը` Սերգեյ Ցապոկը: «Տրուդ» թերթի տվյալներով, այդ հանցավոր խումբը մեծ ազդեցություն ունի Կուշչեւսկայայում եւ նրան հարակից տարածքներում դեռեւս 1990-ականներից եւ ահ ու սարսափի մեջ էր պահում տեղի բնակչությանը:
Հանցավոր խմբավորումը ստեղծել է Սերգեյ Ցապոկի ավագ եղբայրը` «Գիժ» մականունով Նիկոլայ Ցապոկը, ում սպանել են 2002-ին: Դրանից հետո ավազակախումբը գլխավորում է Սերգեյ Ցապոկը:
Lifenews-ը հաղորդում է, որ արյունալի կոտորածը կատարվել է քրեական հեղինակություն Նիկոլայ Ցապոկի մահվան տարելիցի օրը:
«Հանցագործները մտածել են, որ Նիկոլայ Ցապոկի սպանությունը տեղի ֆերմերների գործն է եւ պատահական չէ, որ 12 մարդու սպանությունը կատարվել է նրա սպանության օրը` նոյեմբերի 4-ին: Դրանով նրանք, ըստ էության, ցանկացել են վրեժ լուծել»,- ասել են ոստիկանությունում:
Ներկայումս այդ գործով ձերբակալված է 6 մարդ, այդ թվում Սերգեյ Ցապոկը:
Հրդեհը մարելուց հետո 12 դիակների ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ նրանցից 10-ին 3-10 դանակի հարված են հասցրել: Մի հոգու խեղդել են, իսկ ամենափոքր երեխան մահացել է թունավորվելով շմոլ գազից:
Սպանվել են տանտերը, նրա կինը, հարսը, թոռը, երկու հարեւանները, ինչպես նաեւ Դոնի Ռոստովից ժամանած հյուրերը` 5 հոգի:
Հատկանշական է, որ Սերգեյ Ցապոկը սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է: Նա նաեւ Կրասնոդարի երկրամասի երիտասարդ պատգամավորների Խորհրդի անդամ է:




























