Նոյեմբերի 13-14-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ գումարվել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Գերագույն հոգեւոր խորհուրդը ողջունել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում նոյեմբերի 15-18-ը գումարվելիք միաբանական ժողովի գումարումը` կարեւոր նկատելով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը հուզող խնդիրների հաղթահարումը հանուն պատմական Ս. Աթոռի առաքելության առավել արդյունավետ իրագործման:

Նոյեմբերի երկրորդ կեսին Գարեգին Բ-ի Վրաստան կատարելիք Հովվապետական այցի առնչությամբ նշվել է, որ նկատի առնելով Համայն Վրաստանի Պատրիարք-Կաթողիկոս Իլիա Երկրորդի արտասահմանում բուժումից հետո վերականգնողական շրջանի անհրաժեշտությունը եւ պատրիարքի ցանկությունը` ուղեկցելու Նորին Սրբությանը Թբիլիսի եւ Ջավախք միջեկեղեցական եւ հովվապետական այցելության ողջ ընթացքում` Վրաց Եկեղեցին դիմել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերանայելու Հայոց Հայրապետի Վրաստան այցի թվականը:

Օրակարգում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում ամուսնալուծությունների եւ ժողովրդագրական աճի խնդիրներին: Այս առնչությամբ Գերագույն հոգեւոր խորհուրդ մտահոգություն է արտահայտել, ինչպես նաեւ քննարկել այն ուղիները, որոնց միջոցով Հայոց Եկեղեցին կարող է նպաստել այդ խնդիրների հաղթահարմանը: