Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պատրաստ է կիսել իր փորձն ու չափանիշները «ժողովրդավարություն սերմանելու գործում»: Այս մասին նոյեմբերի 15-ին հայտարարել է ինքը` Ահմադինեժադը, հաղորդում է Fars գործակալությունը:

Հիշատակելով Եվրոպայում հասարակական հուզումները, մասնավորապես, Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգությունները, Իրանի նախագահը հայտարարել է, որ եկել է ժամանակը, երբ քաղաքական առաջնորդները լսեն սեփական ժողովրդին:

«Արեւմտյան լիդերներին անհրաժեշտ է ապահովել արդարադատություն, ոչ թե սեփական ժողովրդի դեմ բռնություն կիրառել եւ արհամարհել նրա պահանջները: Իրանը պատրաստ է կիսել իր փորձը ժողովրդավարություն սերմանելու գործում, որպեսզի հնարավոր լինի դուրս գալ այս փակուղուց»,- ասել է նա:
Իրանում չկա կուսակցական համակարգ, որը գործում է շատ երկրներում: Ղեկավար աշխատողները խմբակցությունների անդամ են, ոչ թե կուսակցությունների եւ ընտրվում են անկախ թեկնածուի կարգավիճակով: