Մենք տաղանդավոր ժողովուրդ ենք, ունենք մեծ ներուժ՝ մեր երկիրը դարձնելու ֆանտաստիկ երկիր: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ քարոզարշավի ամփոփիչ հավաքի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով, այս մեկ ամսում շրջելով Հայաստանով մեկ, իր համար վերահաստատել է մի պարզ ճշմարտություն՝ մենք տաղանդավոր ժողովուրդ ենք, ունենք մեծ ներուժ՝ մեր երկիրը դարձնելու ֆանտաստիկ երկիր. «Չկա որեւէ պատճառ, որ այդպես չլինի: Մեր Հայաստանը լինելու է ժամանակակից, առաջ շարջվող, զարգացող, տրամաբանական եւ օրենքի երկիր՝ պահպանելով մեր ավանդույթները, ինքնատիպությունը, միաժամանակ, լինելով բաց եւ հասկանալի աշխարհի համար»:
ՀՀ վարչապետը նաեւ նշեց. «Ուզում եմ խոստովանել, որ ինքս ինձ հետ շատ համերաշխ եմ, որովհետեւ չկա մի բան, որ ասել եմ, որի համար պատրաստ չեմ պատասխան տալ: Հանդիպումների ժամանակ չեմ հրապուրվել նրանով, որ դիմացինիս ասեմ մի բան, որ նրան դուր գա: Եղել ենք ազնիվ ու անկեղծ, նույն սկզբունքները դրել ենք մեր ծրագրի ու գործողությունների մեջ: Այսօր ներկայացրել ենք մի ծրագիր, որն ունի այն հայտնանիշները, որոնք առանձնահատուկ են որակ փոխող ռեֆորմներին: Այն հավակնոտ է եւ համարձակ, ռացիոնալ ու իրատեսական: Մենք ունենք կամք ու համառություն այն իրականացնելու:
Մենք ծրագիրը ներկայացրել ենք՝ ակնկալելով ձեր քվեն: Ապրիլի 2-ին դուք ընտրելու եք վաղվա Հայաստանը: Վստահեք մեզ, մեր թիմին, ՀՀԿ-ին, ուռա»:
Նշենք, որ Կարեն Դեմիրճյանի անվամ մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակցության ամփոփիչ փակ հավաքը: Քարոզարշավի ամփոփիչ հավաքին մասնակցում է ՀՀԿ-ի ողջ վերնախավը՝ կուսակցության նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ, տարբեր պաշտոնյաներ ու կուսակցության համախոհներ: Հավաքն ուղեկցվում է համերգով:











