Անիմաստ է ընտրակաշառքի մասին խոսելն անգամ, որովհետեւ նոր ընտրական օրենսգրքով ընտրակաշառքը վերահսկել հնարավոր չէ: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, Մարզահամերգային համալիրում ՀՀԿ քարոզարշավի ամփոմիչ հավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Ընտրակաշառքի վերաբերյալ խոսակցություններ չեմ լսել եւ կարծում եմ անիմաստ է ընտրակաշառքի մասին խոսելն անգամ, որովհետեւ նոր ընտրական օրենսգրքով ընտրակաշառքը վերահսկել հնարավոր չէ: Ես զբաղված էի քարոզարշավով, իհարկե շփվել եմ տարբեր մարդկանց հետ, բայց նման ահազանգեր ընտրակաշառքի մասին ինձ չեն հասել, ես չեմ տեսել»,- ասաց Արմեն Ամիրյանը:
Արմեն Ամիրյանը ծանոթ չէր նաեւ ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի 150 հազար դրամ ընտրակաշառք խոստանալու մասին համացանցում տարածված տեսանյութին եւ խուսափեց կուսակցի մասին որեւէ կարծիք հայտնելուց. «Ազնվորեն տեղյակ չեմ, տեսանյութը չեմ դիտել: Կնայեմ անպայման: Ես ազնվորեն ծանոթ չեմ՝ ինչի մասին եք խոսում: Տեսնեմ, նոր կարձագանքեմ»:
Հարցին, թե արդյոք իր վարկանիշը ընկե՞լ է ՀՀԿ-ին անդամակցելուց եւ նրա ցուցակով առաջադրվելուց հետո, Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ հանրապետականի ցուցակով առաջադրվելով իմ վարկանիշն ընկել է: Ես քարոզարշավի ժամանակ կարողացա եւ առիթ ունեցա շփվել շատ մարդկանց հետ, հասկանալ ու գնահատել բոլորի կարիքները եւ երբեք վարկանիշի նման անկում չեմ նկատել»:
Մշակույթի նախարարը ՀՀԿ-ի ամփոփիչ քարոզարշավին մասնակից դպրոցականների մասնակցությունը համարեց ինքնաբուխ եւ գովեց երեխաների քաղաքական իրադարձություններին մասնակից լինելու ցանկությունը:
«Եթե այստեղ եկած երեխաներն ինքնաբուխ իրենց ցանկությամբ են եկել, շատ լավ է: Ես ամբողջ ընտրարշավի ժամանակ տեսնում էին շատ երեխաների, որոնք ինքնաբուխ մասնակցում էին հավաքներին»,- ասաց նա:











