Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այսօրվա հայտարարությունը բոլոր միջազգային նորմերի խախտում է, որը միաժամանակ ապացուցում է, որ ադրբեջանական հասարակությունը սթրեսի վիճակում է։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նա այսպես է մեկնաբանել Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, որ ղարաբաղյան հարցը Ադրբեջանի ներքին հարցն է ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ու դրա ներսում ու բոլոր «գրավյալ» տարածքներում տեղի ունեցող իրադարձությունները իրենց ներքին գործն են։
«Միջազգային համայնքը հոյակապ իրազեկված է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լիազորված է զբաղվել ղարաբաղյան հարցի կարգավորումով, նաեւ անցկացնել մշտադիտարկում ԼՂՀ ԶՈւ ու Ադրբեջանի շփման գծում։ Իր հայտարարությամբ Ալիեւը արհամարհում է ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը, դրանով իսկ եւս մեկ անգամ ապացուցելով, որ հենց ադրբեջանական կողմն է ագրեսոր»,- ասել է Բաղդասարյանը;
Նրա կարծիքով միջազգային համայնքը, այդ թվում ԵԱՀԿ ՄԽ-ն Ալիեւի հայտարարություններին պատշաճ գնահատական կտան։ «Նման վարքագծով պաշտոնական Բաքուն հեռու չի գնա, քանի որ ղարաբաղյան հարցի կարգավորումը արդեն վաղուց դարձել է միջազգային համայնքի գործը»։
Մեկնաբանելով Ալիեւի այն հայտարարությունը, որ «իրավիճակին ավելի իրատեսական մոտեցում ունեցող ուժերը ( նկատի ունi առաջին նախագահ Լեւոն Տեր –Պետրոսյանին- խմբ) արդեն բացահայտ հայտարարում են, որ եթե Ադրբեջանի հետ հարաբերությունները չհարթվեն՝ Հայաստանը ապագա չի ունենա, Բաղդասարյանը հիշեցրել է, որ Լեւոն Տեր – Պետրոսյանի տեսակետը հայկական հասարակության տեսակետը չէ, այլ նրա անձնական տեսակետը։ «Մենք բազմիցս հայտնել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումից բացի որեւէ այլ հարցերի մասին խոսելn ավելորդ է ։ Ալիեւի հայտարարությունները ապացուցում են, որ հենց ադրբեջանական հասարակությունն է գտնվում սթրեսի վիճակում, քանի որ նրանց հայտնի է ղարաբաղյան հարցի շուրջ Հայաստանի ու հայկական հասարակության տրամադրվածությունը»։



























