Մարտի 31-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերատեսչության 2016 թ. գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԳՆ ղեկավար կազմի եւ կենտրոնական ապարատի աշխատակիցների մասնակցությամբ։

Խորհրդակցության ընթացքում ԱԳՆ գլխավոր քարտուղար - աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության եւ արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների կողմից իրականացված աշխատանքները։

Խորհրդակցության ավարտին քննարկվել է հանրապետության նախագահի կողմից արտաքին գործերի նախարարության առջեւ դրված խնդիրների լուծման ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաեւ գերատեսչության գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցերի։ Արցախի ԱԳՆ ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել գերատեսչության ստորաբաժանումների պատասխանատուներին։