Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հերթական փորձն են ներքին լսարանին շեղելու երկրում ընտանեկան ավտորիտար համակարգի արմատավորումից: Այդ մասին «Aysor.am» լրատվական կայքի հետ զրուցյում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հերթական հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ:

«Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի միակ ներքին գործն է իր հասարակությանը նախապատրաստել հիմնախնդրի՝ միջնորդների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա կարգավորմանը, որը ներառում է Արցախի ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում»,- ասել է Քոչարյանը:

Նրա խոսքով, «Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հերթական փորձն են ներքին լսարանին շեղելու երկրում ընտանեկան ավտորիտար համակարգի արմատավորումից, մարդու հիմնարար իրավունքների համատարած ոտնահարումներից եւ այլախոհների անդադար հետապնդումներից: Սեփական ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու փոխարեն այդ հայտարարությունները միտված են հանուն ժառանգական իշխանության պահպանման անտեսել 90-ականներին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ծանր հետեւանքները եւ սեփական ժողովրդին ներքաշել նոր արկածախնդրության մեջ»: