Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օրը:
Qahana.am-ի փոխանցմամբ, այս տոնը հայոց առաջին կաթողիկոս Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված հիշատակության երեք օրերից առաջինն է տարվա ընթացքում: Ըստ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Ս. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների: Ըստ պատմական աղբյուրների` Ս. Գրիգոր Լուսավորիչն Անակ Պարթեւ իշխանի որդին էր:
Սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին, Անակ Պարթեւը սպանվում է հայ իշխանների կողմից: Որդին՝ Գրիգորը, մեծանում եւ կրթություն է ստանում Կեսարիայում՝ դաստիարակվելով իբրեւ բարեպաշտ քրիստոնյա: Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը: Սակայն տեղեկանալով, որ Գրիգորը քրիստոնյա է, ինչպես նաեւ արքայասպան Անակի որդին, Տրդատ արքան նրան չարչարանքների է ենթարկում եւ նետում Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը: 4-րդ դարի ընդհանրական եկեղեցու սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետը Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված իր ներբողում գրել է. «Հիշեք եւ նրա համբերությունը խոր վիրապի մեջ, որքան էր նեղություններով դառնացած... Իսկ ո՞վ կարող է խոսքով պատմել երանելու անսահման ճգնության մասին, կամ օրինակով ցույց տալ նրա անտանելի նեղությունը, որ ապրում էր իժերի եւ քարբերի մեջ, որտեղ ոչ զրուցակից կար, ոչ վշտակցող բարեկամ, ոչ օգնական, ոչ մխիթարող եւ ոչ ծառայող: Նա համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրեւ կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին եւ ձմռան սառնամանիքին, քանզի մոտ էր Աստծուն»:
Խոր Վիրապում կրած 13 տարիների չարչարանքներից հետո Ս. Գրիգոր Լուսավորչը, դուրս գալով ստորգետնյա զնդանից, Քրիստոսի լույսն է տարածում հայոց աշխարհում՝ դառնալով պետականորեն ճանաչված Հայ եկեղեցու առաջին հովվապետը: Ս. Գրիգոր Լուսավորչի հիշատակը, իբրեւ համաքրիստոնեական սուրբ, տոնում են նաեւ քրիստոնյա մյուս եկեղեցիները:




























