Ընտրատեղամասերում ընկերության ցանցն աշխատում է անխափան, տեսանկարահանման խնդիրների համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում: Նման պարզաբանմամբ է հանդես եկել «Յուքոմ» ընկերությունը՝ անդրադառնալով ԱԺ ընտրությունների տեսանկարահանման հետ կապված մի շարք հրապարակումներին:

«Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին առցանց հետեւելու գործընթացը կազմակերպելու նպատակով վերջին մեկ ամսվա ընթացքում կապի տեխնոլոգիայի նորագույն միջոցներն օգտագործելով ընկերությունն իրականացրել է կապի ապահովման հսկայածավալ աշխատանքներ, ինչի արդյունքում ցանցն անխափան կերպով աշխատում է, ու ներկա պահին «Յուքոմի» 250 աշխատակիցներ ուշիուշով հետեւում են կապի սահուն տրամադրման ընթացքին եւ ամեն վայրկյան պատրաստ են արագ արձագանքելու կապի տրամադրման հետ կապված ցանկացած խնդրի։ Ավելին՝ վաղ առավոտից ԿԸՀ առանց որեւէ խնդրի դիտում է առցանց հեռարձակումը։

Եվս մեկ անգամ ընգծենք, որ տեսախցիկների քանակի, տեղադրման, գործարկման, դրանց հետեւելու կայքի աշխատանքի, տեղամասերի հասցեների ընտրության հետ կապված, ինչպես եւ այլ տեխնիկական հարցերը դուրս են «Յուքոմ» ընկերության գործառույթներից եւ ենթակա են պարզաբանման միայն «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» լիազոր ներկայացուցիչների կողմից»,-նշված է «Յուքոմի» պարզաբանման մեջ: