Այսօր հարգանքի, համերաշխության եւ անցյալից դասեր քաղելու օր է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀԿ կենտրոնական շտաբում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նա նշել է, որ ՀՀԿ անդամներն այսօր Եռաբլուր պանթեոն են այցելել` ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակը հարգելու, նրանց ծնողների առջեւ խոնարհվելու համար:
«Այսօր հարգանքի, համերաշխության եւ անցյալից դասեր քաղելու օր է: Մենք հպարտանում ենք, որ մենք այնպիսի որդիներ ունենք, որոնց շնորհիվ Հայաստանն ու Արցախը կարող են դիմակայել մարտահրավերներին եւ գնալ անվտանգության ուղով», - ասել է նա:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ ապրիլի 2-ին ադրբեջանը ծավալուն ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Ապրիլի հինգին հակառակորդի հարձակումը կանգնեցվեց, զոհվեցին ավելի քան հարյուր հայ զինծառայողներ: Զոհեր եղան նաեւ խաղաղ բնակչության շրջանում:
Այսօր` այդ իրադարձությունների տարելիցին, Եռաբլուր պանթեոն են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանըեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 2-ին, խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենում:




























