Այսօր՝ նոյեմբերի 16-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի դեղագործության մրցունակության միջազգային երրորդ համաժողովը։ Միջոցառումը պատահական չէ՝ դեղագործությունը Հայաստանում թափով զարգանում է, ավելանում է արտահանումը, իրականացվել եւ իրականացվում են լուրջ ներդրումներ։ Բավական է ասել, որ Հայաստանում արտադրվող դեղերի մոտ 40 տոկոսն արտահանվում է, թեեւ ներքին շուկայում արտասահմանյան դեղերը դեռ մեծ մասնաբաժին ունեն՝ մոտ 85 տոկոս։ Անցյալ տարվա համեմատ դեղերի արտադրությունն ավելացել է մոտ 15 տոկոսով։

Հայաստանում դեղերի արտադրության լիցենզիա ունեն 17 ընկերություններ, դրանցից 12-ն ակտիվ գործում է։ Առաջատարը «Արփիմեդն» է, որին բաժին է ընկնում արտադրվող դեղերի մոտ 60 տոկոսը, բացի այդ՝ ընկերությունն ավելի բազմազան տեսականիով է ներկայանում սպառողներին։ Մյուս ընկերություններն առայժմ ձգտում են տեղ զբաղեցնել դեղերի լոկալ շուկաներում, որը շուկայական ներկա իրավիճակում նույնպես արդյունավետ է։ Օրինակ՝ 2 տարի առաջ հիմնված «Մեդիքալ հորիզոնը», որն արտադրում է ցավազրկող, հակաբորբոքային եւ ջերմ իջեցնող մոմիկներ, արդեն արտահանումներ է կազմակերպում դեպի Վրաստան ու Ուզբեկստան, արտահանման աշխարհագրությունն էլ առաջիկայում կընդլայնվի։

Հայկական դեղագործության համար լուրջ խթան կարող է հանդիսանալ համաշխարհային շուկայում պարտադիր պահանջ դարձած GMP ստանդարտների կիրառումը։ Արդեն 2014 թ. հունվարի 1-ից Հայաստանից արտահանվող բոլոր դեղամիջոցները պետք է համապատասխանեն այդ ստանդարտներին։ Նշենք, որ ԱՊՀ որոշ շուկաներ, առաջին հերթին՝ Ռուսաստանը, 2014 թվականից բաց կլինեն միայն GMP ստանդարտներին համապատասխանող դեղերի համար։ Ըստ CAPC ծրագրի տնօրեն Արտակ Ղազարյանի՝ Հայաստանում կան մի քանի ընկերություններ, որ արդեն շատ մոտ են GMP ստանդարտներին։