Եկել ենք Սփյուռքի եւ Արցախի ստեղծագործողների առաջ դուռ բանալու: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասել է հանրահայտ երաժիշտ եւ կոմպոզիտոր Սերժ Թանկյանը:

«Ես անցած տարի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ աշխատեցի «Վերջին բնակիչը» ֆիլմի վրա: Առաջին անգամն էր, որ Արցախի հետ այդպես կապակցվեցի, այսինքն՝ գոծնական շփում ունեցա: Շատ լավ գործ արեցինք միասին, շատ ոգեւորվեցի եւ մտածում եմ, որ կարող են այդպիսի նոր բացահայտումներ լինեն, ուրիշ արտիստների հետ աշխատելու հնարավորություններ լինեն եւ ոչ միայն ֆիլմի կամ երգի հետ կապված, մենք եկել ենք նաեւ ուսումնասիրելու, մարդկանցհետ հանդիպելու,  այդ կարողությունները փնտրելու ոչ միայն որպես արտիստ, այլ նաեւ դուռ բանալու համար սփյուռքի եւ Արցախի ստեղծագործողների առաջ»,-ասել է նա: 

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն էլ կարեւորել է հանգամանքը, որ արտասահմանցի արվետագետները ճանաչեն արցախցի ստեղծագործողներին, կապ հաստատեն եւ զարգացնեն այդ կապը:

 «Պարզապես ուզում եմ ասել, որ շատ կարեւոր է, որ մասնակցություններ լինեն Արցախի մեջ, Արցախի հպատակների կողմից ստեղածագործությունները ճանաչվեն, բայց շատ կարեւոր է, որ աշխարհի արվեստագետների անդրադարձը լինի Արցախի նկատմամբ: Այսօր Արցախին արկածային իմաստով են ծանոթ նրանք, բայց լավ կլիներ, եթե աշխարհի չորս կողմը մեր գործունեություններով կներկայացվենք: Առիթը օգտագործենք ինչպես Հայաստանի համար փորձել ենք օգտագործել եւ Արցախն էլ ծանոթացնենք մեր պաշտոնակիցներին, որոնք հայ չեն»,-ասել է նա: