Հայաստանի կառավարությունը 2009 թ. որոշում է ընդունել կասեցնել տեսչական ստուգումները մինչեւ 70 մլն դրամ (մոտ 190 հազ. դոլար) շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների մոտ։ Սա կառավարության կողմից դիտարկվում է որպես փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը խթանելու եւ գործարար միջավայրը բարելավելու միջոց։ Տեսչական ստուգումների արգելքը գործում է մինչեւ 2011 թ. հունվարի 1-ը, սակայն էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ընդհանրապես անժամկետ կասեցնել այդ ստուգումները։ Համապատասխան որոշման նախագիծը կառավարության կողմից կընդունվի նոյեմբերի 18-ի նիստում։
Միաժամանակ կառվարությունը հաստատել է Տեսչական բարեփոխումների հայեցակարգը, որի համաձայն բոլոր տեսչություններն անցնելու են ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի։ Միայն այն գերատեսչությունները, որոնք կանցնեն ռիսկի վրա հիմնված ստուգումների, հնարավորություն կստանան շրջանցել արգելքը։ «Նշված համակարգով աշխատելու դեպքում տեսչական ստուգումները չեն կարող բիզնեսի համար հանդիսանալ այնպիսի բեռ, ինչպիսին հանդիսանում են ներկայումս»,- նշված է էկոնոմիկայի նախարարության բացատրագրում:





























