Մերձմոսկվայի Ռազվիլկա ավանում մեքենայի բեռնախցիկում ապրիլի 3-ին երեկոյան մահացած հայտնաբերված Խորեն Մարգարյանն Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից էր, երկար տարիներ բնակվում էր Մոսկվայում:

NEWS.am-ի տեղեկություններով, 36-ամյա Խորեն Մարգարյանի հարազատներն արդեն մեկնել են Մոսկվա՝ դեպքի հանգամանքները պարզելու եւ երիտասարդի դին Հայաստան տեղափոխելու համար:

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ «Մերսեդես»-ն ապրիլի 3-ին երեկոյան հայտնաբերել է մոտակա տներից մեկի բնակիչը: Նա ոստիկանություն է կանչել:

Իրավապահները զննել են կասկածելի ավտոմեքենան եւ բեռնախցում երկու դիակ հայտնաբերել: Քննիչները կարծում են, որ սպանությունը պատվիրված է եղել: Սպանվածներից մեկը՝ Խորեն Մարգարյանը, Հայաստանի քաղաքացի է: Երկրորդ սպանվածն Աբխազիայից Միքայել Լալայանն է: Իրավապահների վարկածով՝ սպանելուց առաջ տղամարդկանց խոշտանգել են: