Այսօր` նոյեմբերի 16-ին կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում հաստատվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող Երեւան-Աշտարակ 11,71 կմ երկարությամբ գոյություն ունեցող ճանապարհային հատվածի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթի արդյունքները։
Խորհուրդը քննարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Բազմափուլ ֆինանսավորման գործիքի վերաբերյալ Ասիական զարգացման բանկի 2010թ. հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 4-ը կայացած այցելության հուշագիրը եւ հավանության է արժանացրել այն` խորհրդի անդամների ներկայացրած առաջարկություններով ու դիտողություններով հանդերձ։
Ի թիվս օրակարգային հարցերի, ներկայացվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ տրանշի` Աշտարակ-Թալին հատվածի ծրագիրը։ Ընդհանուր առմամբ, հավանություն տալով կատարված աշխատանքներին` վարչապետը հանձնարարել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպությունե ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ֆելիքս Փիրումյանին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքների իրականացման տարբերակների հստակ գնահատականների վերաբերյալ։





























