Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:

Հանդիպմանը ներկայացվել եւ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքը ՀՀ ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ընթացքում: Մասնավորապես, ներկայացվել են հատուկ այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության սկզբունքներն ու առաջնահերթությունները: Խոսվել է նաեւ արձանագրված բողոքների, ուսումնասիրված հրապարակումների ու դրանցով բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին:

ԵԽ գլխավոր քարտուղարին են ներկայացվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի նոր կարգավորումները, որոնք վերաբերում են քաղաքացիական հասարակության եւ պետական մարմինների հետ աշխատանքին: Խոսվել է խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման, տնտեսական իրավունքների, զինծառայողների, երեխաների իրավունքների պաշտպանության եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության ուղղությունների մասին:

Ներկայացվել են նաեւ ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Չինարի գյուղի գնդակոծությունը հաստատող փաստահավաք աշխատանքների արդյունքները:

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձրացրել է նաեւ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության ու եվրոպական կառույցների եւ առաջին հերթին՝ Եվրոպայի խորհրդի համար դրա վտանգավոր դրսեւորումների հարցը: Միջազգային փորձագետների, այդ թվում՝ Եվրամիության պատգամավորների ու լրագրողների նկատմամբ հետապնդում իրականացնելով՝ Ադրբեջանը չի կարող որեւէ արդյունքի հասնել, իսկ մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունները պետք է ակտիվ ներգրավածություն ունենան Արցախում:

Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կատարած աշխատանքը, այդ թվում՝ նրա հրապարակած զեկույցները: Խոսվել է նաեւ Ռուբեն Մելիքյանի կատարած փաստահավաք աշխատանքների մասին, որոնք բխում են միջազգայնորեն սահմանված սկզբունքներից: Դրանով հանդերձ, կարեւորվել է նրա մասնակցությունը միջազգային ծրագրերին ու հանդիպումներին:

Թորբյորն Յագլանդը կարեւորել է Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն ու աշխատանքը նշված ոլորտում Հայաստանում եվրոպական չափանիշների ներդրման հարցում:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը եւ միջոցներ ձեռնարկել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու ուղղությամբ: