Հանրապետական կուսակցության համապետական ցուցակի 13-րդ հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Մինասյանը չի բացառում, որ իրենք կոալիցիա կկազմեն «Հայ Յեղափոխական Դաշնակցության» հետ:
«Վաղը կլինի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում կքննարկվի այդ հարցը: Իմ անձնական կարծիքով, Հանրապետականի ու Դաշնակցության համագործակցությունից կարող է շահել նախ եւ առաջ մեր պետությունը, եթե մենք կոալիցիա կազմենք ՀՅԴ-ի հետ, դա շատ օգտակար կլինի մեր երկրի եւ ժողովրդի համար, ինչպես նաեւ այդ պարագայում մենք ավելի մեծ կարեւորություն կունենանք խորհրդարանում»,- այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին՝ Գագիկ Մինասյանը նշեց, որ վաղը կայանալիք ԳՄ նիստում կորոշվի նաեւ, թե ով է լինելու ՀՀԿ-ի՝ Երեւանի քաղաքապետի թեկնածուն. «Իմ կարծիքով՝ Երեւանում վերջին տարիներին եղած անուրանալի փոփոխությունները, տարված աշխատանքները բավական են, որ կրկին մեր թեկնածուն լինի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը»:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ արդյունքները բաշխվել են հետեւյալ կերպ. Հանրապետական կուսակցություն- 49,12 տոկոս, «Ծառուկյան» դաշինք՝ 27,32 տոկոս, «Ելք» դաշինք՝ 7,77 տոկոս, ՀՅԴ՝ 6,57 տոկոս: Ըստ այդմ, ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, «Ծառուկյան դաշինքը՝ 31 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ եւ ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: Ընտրություններին մասնակցած մնացած 5 ուժերը («Ազատ դեմոկրատներ, «Հայկական վերածնունդ», ՕՐՕ դաշինք, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք եւ Կոմկուս) չեն հաղթահարել նվազագույն շեմը:
ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 590 քաղաքացիներից 1 մլն 577 հազար 323-ը:




























