Երկուշաբթի Մերձմոսկվայի Լենինյան շրջանի Ռազվիլկա ավանում «Մերսեդեսի» բեռնախցում սպանված հայտնաբերված երկու տղամարդիկ ամենայն հավանականությամբ կենցաղային վեճի զոհեր են: Սպանությունից մի քանի ժամ առաջ մեքենայի տիրոջ դպրոցական տարիների ընկերուհին նրան խնդրել է իրեն ծանոթից պաշտպանել:
«ՄԿ»-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի քաղաքացի 36 տարեկան Խորենը Մոսկվա է եկել 2 շաբաթ առաջ: Տղամարդը հայրենիքում ավտոպահեստամասերի սեփական խանութ ունի, եւ ապրանքը գնել է մայրաքաղաքից: Բացի գործնական հանդիպումներից, այս ընթացքում տղամարդը ծրագրել է վերանորոգել իր «Մերսեդեսը», որը գնել էր մարտի սկզբին՝ Մոսկվայի շրջան իր նախորդ այցելության ժամանակ: Մեքենայի ախտորոշման համար նա եկել էր մերձմոսկովյան Կորոլյով՝ իր հայրենակցի եւ ընկերոջ մոտ, որի անունով էլ մեքենան ձեւակերպված էր: Հանդիպումը կայացել է անցած կիրակի եւ ընկերների համար վերջինն է եղել: Դրանից հետո Խորենը հեռացել է իր գործերով: Արդեն գիշերը ավտոփականագործն արթնացել է Խորենի կնոջ զանգից, որը խնդրել է ամուսնու ճակատագրի մասին ինչ-որ բան իմանալ, քանի որ արդեն մի քանի ժամ նրա հետ կապ հաստատել չի հաջողվում, եւ նրա հեռախոսն անջատված է: Կորոլյովի բնակիչը կնոջը ոչ մի բանով չէր կարող օգնել, իսկ առավոտյան պարզվել է, որ Խորենը զոհվել է հրազենային 2 կրակոցով: Առաջին գնդակը դիպչել էր ուսին, երկրորդը՝ աճուկային մասին: Նրա հետ մեքենայի մեջ հայտնաբերվել է ծանոթի՝ ծագումով Աբխազիայից 39 տարեկան Միքայելի դիակը (նա ընդամենը 3 ամիս առաջ էր ազատվել ազատազրկման վայրից, որտեղ հայտնվել էր բնակարանային գողության համար): Առաջին գնդակը փորն էր վնասել, իսկ գլխին ուղղված երկրորդ գնդակով մարդասպանը նրան սպանել էր:
Պարզվել է, որ հանդիպումից մի քանի ժամ առաջ հայաստանցի հյուրի դպրոցական ընկերուհի Եկատերինան նրան է զանգահարել բջջայինով: Կինը (նա, ի դեպ, Մերձմոսկվա է տեղափոխվել մի քանի տարի առաջ) նրան խնդրել է ծանոթից պաշտպանել, որն իր տուն է գալիս եւ հաշվեհարդարով սպառնում: Հայերը եկել են տիկնոջ տուն եւ սպասել կռվարարին: Սակայն հրազենով նրա ներկայանալն անսպասելի է եղել: Նա գնդակահարել է Խորենին եւ Միքայելին, ապա դիակները տեղավորել «Մերսեդեսի» բեռնախցի մեջ, որից հետո Եկատերինային հետը տանելով թաքնվել է անհայտ ուղղությամբ: Հիմա ոստիկանները որոնում են մարդասպանին ու կնոջը:
«ՄԿ»-ին ՌԴ Մոսկվայի մարզի ՔԿ քննչական վարչության պետի ավագ օգնական Ելենա Ֆոկինան ասել է, որ փաստով քրեական գործ է հարուցվել 2 հոդվածով՝ երկու կամ ավելի անձանց սպանություն եւ զենքի, նրա հիմնական մասերի, ռազմամթերքի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, իրացում, պահում, տեղափոխում կամ կրում:




























