Պոլսո հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ եպիսկոպոս Սահակ Մաշալյանը անդրադարձել է Ստամբուլի փոխնահանգապետի հետ հանդիպման հետ կապված մանրամասներին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի «Ակոս»–ը եպիսկոպոս Մաշալյանը շեշտել է, թե իրականությանը չի համապատասխանում արք. Աթեշյանի այն հայտարարությունը, թե փոխնահանգապետն ասել է, որ մինչ պատրիարքի ընտրությունը Աթեշյանը պաշտոնին է մնալու։

Նշենք, որ Ավելի վաղ  Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ միասին համաձայնություն էր կայացվել, որ Պոլսո հայոց պատրիարքական տեղապահի ընտրություն է տեղի ունենալու, որից հետո կառավարության կոմղից նշանակված փոխպատրիարք արք․ Աթեշյանը հրաժարական է տալու։ Սակայն ընտրության արդյունքում հաղթել է արք․ Բեքչյանը, որից հետո արք․ Աթեշյանը հրաժարական չի տալիս։ Նա նահանգապետարանից մի թուղթ է ներկայացրել, թե նահանգապետարանը օրինական չի համարում տեղապահի ընտրությունը։

Այնուհետ արք. Աթեշյանն ու Սահակ Մաշալյանը հանդիպել էին փոխնահանգապետի հետ։ Հանդիպումից հետո արք. Աթեշյանը պնդել էր, թե փոխնահանգապետը շեշտել է, թե մինչ պատրիարքի ընտրությունները Աթեշյանն է մնալու պաշտոնին։