Վրաստանի կառավարության մի մասը կտեղափոխվի Վրաստանի մեծությամբ երկրորդ քաղաք` Քութայիսի: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` կառավարության նոր շենքի շինարարական աշխատանքների մեկնարկի ժամանակ:
«Վրաստանի կառավարությունը կաշխատի Թբիլիսիում, սակայն նրա մի մասը կտեղափոխվի Քութայիսի: Սրանով կշարունակվի այն ծրագիրը, որով Քութայիսին պետք է դառնա Վրաստանի «երկրորդ մայրաքաղաքը»,- Սահակաշվիլիի խոսքերն է մեջբերել «Նովոստի Գրուզիան»: Նրա խոսքով, նոր կառավարական շենքը պատրաստ կլինի մեկ տարուց:
Ավելի վաղ Վրաստանի Խորհրդարանը հաստատել էր օրենդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որի համաձայն հերթական ընտրություններից հետո նիստերն անց են կացվելու Քութայիսիում: Սահակաշվիլիի կարծիքով, այս որոշումը մի կողմից «կբեռնաթափի Թբիլիսին», իսկ մյուս կողմից կնպաստի Իմերեթիի շրջանի զարգացմանը»:





























