Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հսկողությունն ուժեղացվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը:

«Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Երեւանի ոստիկանությունը հարկ է համարել ուժեղացնել Մետրոպոլիտենի հսկողությունը յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը ապահովելու համար»,- ասաց նա:

Նինել Վարդանյանի խոսքով, ոստիկանները ստուգում են կասկածելի մարդկանց պայուսակները, ուսումնասիրում տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ի ցերեկը Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Սեննայա հրապարակ» եւ «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանների միջեւ պայթյուն է տեղի ունեցել։ Եւս մեկ պայթյուն «Ապստամբության հրապարակ»-ում հաջողվել է կանխել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետեւանքով զոհվել է 14 մարդ, 45 տուժողներ հիվանդանոցներում են։