Այնպիսի հարստացման միջուկային նյութ` ուրան, ինչպիսին հայտարարված է վրացական իշխանությունների կողմից, Հայաստանում չի եղել եւ չկա: Այս մասին այսօր` նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Միջուկային անվտանգության կազմակերպման Պետական կոմիտեի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը:
Անդրադառնալով նրան, որ Հայաստանի քաղաքացիները մաքսանենգ ճանապարհով գերհարստացված ուրան տեղափոխել Երեւանից Թբիլիսի, Ա. Մարտիրոսյանն ասաց. «Հայաստանում գտնվող միջուկային նյութերը, սկսած ատոմակայանի միջուկային վառելիքից, մինչեւ տարբեր կազմակերպություններում եղած աննշան քանակի նյութերը` մի քանի միկրոգրամների, բոլորը գտնվում են մեր, ինչպես նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո: Քանի որ հետաքննությունը դեռեւս ավարտված չէ, չունենք ամբողջ տեղեկությունը, մենք չգիտենք, դա Հայաստանո՞վ է անցել: Միգուցե Հայաստանով չի անցել»:
Բրիտանական հեղինակավոր «Գարդիան» պարբերականը գրել էր, որ Հայաստանի երկու քաղաքացիներ ապրիլին Վրաստանում ձերբակալվել են հարստացված ուրանի 18 գրամ չափաբաժինը սեւ շուկայում իրացնելու փորձի ժամանակ: Թերթը գրել էր, որ ըստ գործի, ուրանը Վրաստան է տեղափոխվել Երեւան-Թբիլիսի գնացքով:
Նշենք, որ այս դեպքի կապակցությամբ հետաքննություն է իրականացվում նաեւ Հայաստանի ԱԱԾ-ում, որի ավարտից հետո միայն հնարավոր կլինի ասել, թե Վրաստանում հայտնաբերված մաքսանենգ ուրանը Հայաստանի՞ց է հասել վրաստան, թե՞ ոչ:
Իսկ ահա վրացական անվտանգության մարմինները պնդում են, որ ՀՀ քաղաքացիներ 63-ամյա գործարար Սմբատ Տոնոյանն ու 59-ամյա ֆիզիկոս Հրանտ Օհանյանը այս տարվա մարտ ամսին փորձել են Վրաստանի տարածքում 87 տոկոս հարստացված ուրան իրացնել, որը Թբիլիսի էին հասցրել Ռուսաստանից` Հայաստանի տարածքով:
Այս առնչությամբ Միջուկային անվտանգության կազմակերպման Պետական կոմիտեի ղեկավարն ասաց. «Այնպիսի հարստացման միջուկային նյութ, ինչպիսին հայտարարված է վրացական իշխանությունների կողմից, Հայաստանում չի եղել եւ չկա: Հայկական ատոմակայանում օգտագործվող վառելիքը 3 տեսակի հարստացման է` 1.6, 2.4, 3.6 տոկոս: Դա առավելագույն հարստացման ուրանն է, որը Հայաստանում կա: Իսկ 87 տոկոս հարստացման ուրան Հայաստանում չի եղել»:




























