Եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանում Կառավարությանն առընթեր քարոզչության հարցերով կառույց ստեղծվի: Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից նման առաջարկ է արել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը:

Նրա խոսքով, նման կառույցի ստեղծումը պայմանավորված է թուրք-ադրբեջանական կեղծ քարոզչությանն արդյունավետորեն դիմակայելու անհրաժեշտությամբ:  Նա ընդգծել է, որ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում գոյություն ունեն բազմաթիվ կառույցներ, որոնք Հայաստանի դեմ քարոզչություն են իրականացնում:

«Եկել է ժամանակը, որ մենք եւս ակտիվացնենք մեր գործողություններն այդ ուղղությամբ, քանի որ մեծ մասամբ մեր արձագանքը ադրբեջան-թուրքական կեղծ քարոզչությանը ադեկվատ չի լինում: Ավելի հաճախ մենք լռություն ենք պահպանում նրանց քարոզչության դեմ, այնինչ լռությունն այնքան էլ արդյունավետ մեթոդ չէ»,- հայտարարել է պատգամավորը: