Իրանի կարծիքով Պարսից ծոցի շրջանում, մասնավորապես Թուրքիայում հնարավոր պատերազմի դեպքում, ՆԱՏՕ-ի հակարթիռային պաշտպանությանն համակարգերն ուղղված կլինեն բացառապես Իսրայելի շահերի պաշտպանությանը:

Դա անհանգստություն է առաջացնում տարածաշրջանի եւ աշխարհի մահմեդական երկրներում:

«Մենք վտանգ չենք ներկայացնում տարածաշրջանի եւ ոչ մի պետության համար, եւ տարածաշրջանում ոչ մի այլ պետություն, բացի Իսրայելից, սպառնալիք չի ներկայացնում մեզ համար»,-այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական  ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը:

Խոսելով Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղադրման հավանականության մասին, իրանցի դիվանագետն ասել է, որ Արեւմուտքի նման ծրագրերը լուրջ կասկածներ են առաջացնում  եւ ուղղված են առաջին հերթին Իսրայելի շահերի պաշտպանմանը:

NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Թուրքիայում  հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրելու մասին վերջնական որոշումը կկայացվի նոյեմբերի 19-20-ին Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:  Թուրքիայի պահանջներից մեկն այն է եղել, որ պաշտպանական համակարգերն ուղղված չլինեն Իրանի դեմ: