Հայաստանի ամենամեծ 4 ազգային փոքրամասնություններից երեքի (քրդեր, ասորիներ, եզդիներն) ներկայացուցիչները խորհրդարան կանցնեն ՀՀԿ ցուցակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
Եւս մեկ ազգային փոքրամասնության (ռուսներ) ներկայացուցիչ ԱԺ կանցնի «Ծառուկյան» դաշինքի ցուցակով:
Ըստ այդմ, խորհրդարան են անցնում ՀՀԿ համապետական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված հետեւյալ ներկայացուցիչները. Ռուստամ Մախմուդյան (եզդի), Կնյազ Հասանով (քուրդ) եւ Արսեն Միխայլով (ասորի):
Նշենք, որ Ռուստամ Մախմուդյանը ԵՊՀ դոցենտ է, Արսեն Միխայլովը՝ «Աթուր» ասորական ասոցիացիայի նախագահ, Արզնի համայնքի ղեկավարի տեղակալ:
«Ծառուկյան» դաշինքից խորհրդարան է անցնում Տատյանա Միքայելյանը (ռուս): Նա աշխատում է «Ինեկոբանկի» Գյումրիի մասնաճյուղում:
Նշենք, որ Սահմանադրության 89-րդ հոդվածի 2-րդ կետի եւ Ընտրական օրենգրքի համաձայն՝ կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի 2-րդ մասում ընդգրկվում են ընտրությունների նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները:
Դոնթի բանաձեւեով որոշվում է, թե 4 ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրը որ քաղաքական ուժի կողմից է առաջադրվում:
Ըստ այդ բանաձեւի ազգային փոքրամասնությունների տեղերը բաշխվում են հետեւյալ հերթականությամբ. 1-ին՝ ՀՀԿ, 2-րդ՝ «Ծառուկյան» դաշինք, 3-րդ եւ 4-րդ՝ կրկին ՀՀԿ: Քանի որ մեծությամբ երկրորդ ազգային փոքրամասնությունը ռուսներն են, նրանց ներկայացուցիչը ներկայացվում է «Ծառուկյան» դաշինքի կողմից:




























