Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր` նոյեմբերի 16-ին «Կոշ» ՔԿՀ-ում քննել է Նիկոլ Փաշինյանի բողոքն ընդդեմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի: Դատարանը պետք է որոշեր՝ փոխելո՞ւ է Նովասարդյանի կողմից այս տարվա մայիսի 25-ին կայացված որոշումը:
Ըստ այդ որոշման՝ կիրառելով 2009 թվականի մայիսի 19-ին ՀՀ ԱԺ-ի ընդունած համաներումը, Փաշինյանի ազատազրկման վերջնաժամկետը սահմանել է 3 տարի 10 ամիս 29 օր: Առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ, Նավասարդյանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կայացված դատավճռի 7 տարվա ազատազրկման ժամկետը պետք է կիսեր՝ վերջնաժամկետ սահմանելով 3 տարի 6 ամիս: Դռնբաց դատական նիստի ընթացքում Փաշինյանի փաստաբանները հարցեր են ուղղել ՔԿՀ-ի ներկայացուցչին, որից հետո իր առարկություններ է ներկայացրել նաեւ դատախազության ներկայացուցիչը:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց Փաշինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը, ի զարմանս իրենց, դատախազության դիրքորոշումը էապես փոխվել է: «Եթե նախկինում դատախազության դիրքորոշումը նույնական էր, ինչ որ մերը, ապա այժմ էապես փոխվել է եւ կատարված հաշվարկի որոշումը դատախաղությունը համարում է հիմնավոր: Թեպետ նախկինում գլխավոր դատախազությունից միջնորդագիր էր հղվել Նուբարաշենի ՔԿՀ-ին, որում խնդրվում էր վերանայել կայացված որոշումը, քանի որ կատարված հաշվարկը ակնհայտ ապօրինի է»,-հայտարարեց Վարոսյանը: Նա նաեւ հավելեց, որ գլխավոր դատախազության դիրքորոշման փոփոխությունը անակնկալ էր իրենց համար եւ այդ պատճառով այդ որոշմանը պատասխանելու համար ընդմիջում են խնդրել: Դատական նիստը հետաձգվել է մինչեւ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 19-ը, ժամը 12-ը:
Ի դեպ, ինչպես նշեց Վարոսյանը, «Կոշ» ՔԿՀ-ն Փաշինյանին առաջարկել է տեղափոխվել առանձին կացարան: Քաղբանտարկյալը համաձայնել է առաջարկին, սակայն մի պայմանով, որ կիսափակ ռեժիմը, որը սահմանված է իր համար, փոփոխության չենթարկվի: Փաշինյանը տեղափոխվել է առանձին պահման վայր, սակայն որոշակի փոփոխություների է ենթարկվել նաեւ նրա պահման ռեժիմը՝ նա փակի տակ է պահվում, ինչը չպետք է լինի կիսափակ ռեժիմի պարագայում:
«Իհարկե գովելի է, որ ՔԿՀ-ն հիշել է իր պարտականությունները, որոշել է իրականացնել Փաշինյանի անվտանգությունը, սակայն անթույլատրելի է ռեժիմի փոփոխությունը»,-նշեց փաստաբանը:





























