Facebook-ը խոստացել է օգնել օգտատերերին նրանց պատիվն ու արժանապատվությունը արատավորող ինտիմ բնույթի լուսանկարների ու տեսագրությունների տարածման դեմ պայքարում։ Այս մասին հայտնել է սոցցանցի գլոբալ անվտանգության բաժանմունքի ղեկավար Անտիգոնա Դեւիսը իր պաշտոնական բլոգում, հայտնում է Lenta–ն։

Նրա խոսքով, այս շաբաթվանից սկսած՝ Facebook-ը, նաեւ դրան պատկանող Instagram-ն ու Messenger–ը արգելափակելու են առանց տվյալ օգտատերերի համաձայնության հրապարակված ինտիմ նյութերը։ «Երբ օգտատերերը մեզ հայտնեն պոռնովրեժխնդրության մասին, մենք կկանխենք դրա տարածումը»,- նշել է Դեւիսը։

Բաժանմունքի ղեկավարը հավելել է, որ տուժածը պետք է սեղմի «Բողոքել» կոճակը։ Դրանից հետո հատուկ աշխատակիցները կորոշեն՝ արդյոք տվյալ տեսահոլովակը կամ տեսագրությունը խախտում է սոցցանցի կանոնները։

«Մեծամասամբ մենք արգելափակում ենք հաշիվը՝ առանց թույլատվության ինտիմ լուսանկարների տարածման համար։ Միաժամանակ մենք օգտատերերին հնարավորություն ենք տալիս բողոքարկել, եթե նրանց կարծիքով նյութերը սխալմամբ են հանվել հրապարակումից»,- ասել է Դեւիսը։

Նա նաեւ պատմել է կրկնախախտումների դեմ պայքարի համար սոցցանցի նոր գործիքների մասին։ «Հետո մենք օգտագործում ենք հատուկ տեխնոլոգիա, որը թույլ է տալիս հայտնաբերել համընկումները լուսանկարների վրա։ Եթե որեւէ մեկը փորձի հրապարակել մեկ անգամ արգելափակված պատկերը, ապա նախազգուշացում կստանա մեր քաղաքականությունը խախտելու մասին ու կտեղեկացվի, որ մենք ստիպված ենք կանխել լուսանկարները հրապարակելու՝ նրա փորձերը», - ասել է նա։

Դեւիսը հավելել է, որ  Facebook–ի հատուկ հետազոտության տվյալներով,պոռնովրեժխնդրության զոհերի 93 տոկոսսը խորը զգացմունքային ցնցում է զգում տեղի ունեցածից։ Բացի դրանից 82 տոկոսի մոտ զգացվում է զգալի վատացում կյանքի սոցիալական ու պրոֆեսիոնալ ոլորտներում։