ՀՅԴ-ն 2010թ. նոյեմբերի 15-16-ին, Փարիզում, մասնակցել է Սոցինտեռնի Խորհրդի ժողովին։ Ժողովի ավարտին, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին բանաձեւ է ընդունվել: NEWS.am-ը ստորեւ ներկայացնում է բանաձեւն ամբողջությամբ:
«Առաջնորդվելով այս տարի Երեւանում եւ Բաքվում գումարված ժողովների արդյունքներով , որտեղ մեր անդամ կուսակցությունների հայ եւ ադրբեջանցի ներկայացուցիչները կարողացան աննախընթաց երկխոսություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ` անկախ իրենց տարակարծություններից եւ կարգավորման պատկերացումներից, գնահատում ենք անդամ կուսակցությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների՝ մյուս երկրից Սոցինտեռնի անդամ կուսակցությունների պատվիրակներին հյուրընկալելու փաստը, համարում շատ դրական երեւույթ։
Մենք այժմ տեսնում ենք հնարավորություն եւ անհրաժեշտություն՝ օգտվելու առկա հիմքերից, երկխոսություն եւ վստահություն կառուցելու, թե՛ մեր Միջազգայնականի ներսում եւ թե՜ այդ երկրների քաղաքական ավելի լայն դաշտում։
Խիստ կարեւոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը առաջ տանել այդ երկու երկրների միջեւ, տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար։ Սոցինտեռնը, որ խաղաղության իր նախաձեռնությամբ է հանդես եկել, իր ճիգերի ներածին չափով շարունակելու է ներդրում ունենալ առաջընթացը պահպանելու եւ շարունակելու համար՝
ա) Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պաշտոնականացումը եւ տարածաշրջանի համար բոլորի կողմից ընդունելի վերջնական կարգավիճակ.
բ) Երկու կողմից տեղահանված անձանց իրավունքների հաստատում.
գ) Կոչ ենք անում հարգել 1994թ.-ի զինադադարի պայմանագիրը եւ հետ կանգնել բոլոր տեսակի զինադադարի խախտումներից, ներառյալ՝ դիպուկահարների կրակից.
դ) Կոչ ենք անում կողմերին հակամարտության գլխավոր հարցը կարգավորելու համար ցուցաբերել քաղաքական կամք՝ հասնելու համարժեք, հավասարաչափ եւ միաժամանակյա փոխզիջումների»:
Հիշեցնենք, որ Սոցինտեռնի Խորհրդի ժողովում ՀՅԴ պատվիրակության կազմում էին Մարիո Նալբանդյանը (ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ընկերվար Միջազգայնականի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի համանախագահ), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ), Լեւոն Մկրտչյանը (ՀՅԴ Բյուրոյի անդամ), Մուրատ Փափազյանն ու Ռիշար Անանյանը (ՀՅԴ Արեւմտյան Եւրոպայի Կենտրոնական Կոմիտեի համանախագահներ, Ֆրանսիա), Մարիետ Կարապետյանը (Ֆրանսիա) եւ Գասպար Կարապետյանը (Հունաստան)։
Նոյեմբերի 12-13-ին, դարձյալ Փարիզում, Մարիետ Կարապետյանը որպես ՀՅԴ-ի ներկայացուցիչ մասնակցեց Կանանց Ընկերվար Միջազգայնականի Խորհուրդի նիստին։
Սոցինտեռնը սոցիալ դեմոկրատական, սոցիալիստական եւ աշխատավորական կուսակցությունների համաշխարհային կառույց է, որը համախմբում է 170 կուսակցություններ եւ կազմակերպություններ բոլոր մայր ցամաքներից։




























