Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ երկամսյա կալանավորման որոշում է կայացրել «Գժոյանների Արտակ» մականունով հայտնի Արտակ Մելքոնյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում էր քր.օր-ի 104 հոդվածի (Սպանություն) հատկանիշներով:

Ինչպես դատարանի շենքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կալանավորման որոշումը կայացրել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնի բաժնի քննիչի միջնորդության հիման վրա:  Արտակ Մելքոնյանին արդեն տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:

Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 14-ին ժամը 15-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնի բաժին ահազանգ է ստացվել, որ պարանոցի եւ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով, Զավարյան 49/1 հասցեից իրենց մոտ են տեղափոխել 13-ամյա Սարգիս Դավիթի Վարդիկյանին: Երեխան, գիտակցությամբ չգալով, հիվանդանոցում մահացել է:  Նա սովորում էր թիվ 2 վարժարանի 9-րդ դասարանում:

Ոստիկանության կենտրոնի բաժնի աշխատակիցները շտապ մեկնել էին Զավարյան փողոց, որտեղ նշված հասցեի դիմաց հայտնաբերել էին արյան հետքեր, ինչպես նաեւ այն տաքսի ավտոմեքենան, որով Սարգիս Վարդիկյանը տեղափոխվել էր բժշկական կենտրոն:

Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի գլխավորությամբ ստեղծվել էր օպերատիվ քննչական խումբ: Օպերատիվ աշխատանքների արդյունքում իրավապահները կարողացել էին պարզել, որ 13-ամյա Սարգսին դանակի մի քանի հարվածներ հասցրել է Արտակ Մելքոնյանը, ով հանրությանը հայտնի է «Գժոյանների Արտակ» մականունով:

2009-ի նոյեմբերին սպանվել էր Արտակ Մելքոնյանի 12-ամյա որդին` Սոս Մելքոնյանը եւ Սոսի սպանության մեջ մեղադրվում էին 2 մարդ, որոնցից մեկը դատապարտվել եւ  այս պահին գտնվում է ազատազարկման վայրում, իսկ Սարգիս Վարդիկյանը, ով նաեւ մասնակցություն է ունեցել Սոսի սպանության մեջ, չի դատապարտվել հանցագործության սուբյեկտ չլինելու պատճառով:

 

Կալանավորված Արտակ Մելքոնյանը

  

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի