Ամերիկացի եւ իսպանացի գիտնականները նկատել են, որ Ցերերա գաճաճ մոլորակի մթնոլորտը պարբերաբար հայտնվում եւ անհետանում է, գրում է Astrophysical Journal Letters ամսագիրը:

Գիտնականների խոսքով՝ գաճաճ մոլորակի մթնոլորտի ձեւավորումը պայմանավորված է երկու գործոնով, որոնք երկուսն էլ ուղղակիորեն կապված եմ Արեգակի հետ:

Նախ՝ արեւի լույսը խթանում է Ցերերայի մակերեւույթի սառցե ջրերը: Երկրորդ՝ նրա մթնոլորտի վրա ազդում է նաեւ արեգակնային ակտիվությունը, հատկապես՝ բարձր էներգետիկ պրոտոնների հոսքերը:

Մասնագետները նման եզրահանգման են եկել՝ վերլուծելով Herschel տիեզերական տելեսկոպի, Very Large Telescope աստղադիտարանի եւ Dawn կայանի տվյալները: Վերջինը շարունակում է հետազոտել Ցերերան:

Քանի որ ներկայում Արեգակի ակտիվությունը մոտ է իր նվազագույնին, Ցերերայի վրա գրեթե մթնոլորտ չկա: Մասնագետները ենթադրում են, որ ժամանակի ընթացքում այն մի փոքր կխտանա: