Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ ընտրված արք. Գարեգին Բեքչյանը պատմել է արք. Աթեշյանի հետ հանդիպման մանրամասները։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, արք. Բեքչյանը նշել է, թե արք. Աթեշյանի հետ հանդիպմանը պարզաբանում է պահանջել Սուրբ Աստվածածին եկեղեցու դռները հավատացյալների ու իր դեմ փակելու հետ կապված։ Բեքչյանի խոսքով՝ արք. Աթեշյանը պնդել է, թե տեսնելով մեծ թվով մարդկանց՝ վախեցել է եւ խուսափել դռները բացելուց։ «Ես շեշտեցի, որ եկեղեցու դռները որեւէ պարագայում չպետք է փակել, մանավանդ երբ հավատացյալների հետ միասին կանգնած էին 2 եպիսկոպոսներ։ Աթեշյանին ասացի, որ նման բաներ եթե շարունակվի, ժողովրդի աչքին նա վատ մարդ կդառնա։

Հանդիպման ժամանակ արք. Աթեշյանը նշեց, որ ապրիլի 16–ի սահմանադրական ընտրություններից հետո ես կարող եմ սկսել տեղապահի պարտականությունները, իսկ նա մինչ այդ կմնա փոխպատրիարք։

Նշենք, որ օրեր առաջ, երբ Պոլսո պատրիարքության կրոնական ժողովի ատենապետ եպիսկոպոս Մաշալյանը ցանկացել էր Ստամբուլ վերադարձած արք. Բեքչյանի համար բարի գալուստի պատարագ մատուցել, արք. Աթեշյանի հրահանգով փակել էին եկեղեցու դռները, սակայն որոշ ժամանակ անց բացել էին։ Սակայն պատարագին պատրիարքարանից ոչ մի հոգեւորական չի մասնակցել։