Այն փաստը, որ Անանիա Շիրակացի համալսարանը հայտնվել է Հայաստանի վերահսկիչ պալատի «սեւ ցուցակում», ունի իր բացատրությունը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը:

«Ստուգումների ժամանակ համալսարանի ղեկավարությունից ՎՊ աշխատակիցը պահանջել է բավական մեծ գումար, որի դիմաց համալսարանը չի հայտնվի ՎՊ-ի սեւ ցուցակում: ՎՊ աշխատակիցը պահանջել է 4 հազար դոլար, խոստանալով, որ հակառակ դեպքում կզրկի համալսարանը լիցենզիայից, կամ էլ խոշոր տհաճություններ կպատճառի: Վերահսկիչ պալատի աշխատակիցը վստահեցրել է բուհի ղեկավարությանը, որ այդ ամենը կատարում է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գիտությամբ: Այդ կապակցությամբ, ես կոչ եմ անում լրատվամիջոցներին, ազգային անվտանգության մարմիններին եւ դատախազությանը հատուկ ուշադրություն դարձնել այս փաստերին»,- ասել է Մելիքյանը:

Նշենք, որ Հայաստանի ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը իշխող կոալիցիան ներկայացնող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: