Այն ղեկավարը, ով անհույս է, պետք է հեռացնել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրել է պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների տնտեսական գործունեության վերլուծություն:

Վարչությունը, ելնելով պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների 2013, 2014 եւ 2015 թվականների տնտեսական արդյունքների վերլուծությունից, ըստ գործունեության արդյունավետության մակարդակի իրականացրել է նշված կազմակերպությունների դասակարգում, ինչի համար որպես հայտանիշներ ընդունվել են կազմակերպությունների շահութաբերության մակարդակը եւ միտումները: Նշվել է, որ 2015-ին ֆինանսատնտեսագիտական վերլուծության ենթարկված 194 կազմակերպությունների ըստ ակտիվների միջին շահութաբերությունը կազմել է ընդամենը 1,2 տոկոս, ակտիվների մեծությունը՝ 752 միլիարդ 225 միլիոն 558 հազար դրամ, շահույթի ընդհանուր ծավալը՝ 8 մլրդ 947 մլն 800 հազար դրամ: Եթե կազմակերպություններն առաջիկայում աշխատեն բանկային վերաֆինանսավորման 6 տոկոս շահութաբերությամբ, ապա շահույթի ծավալը կկազմի 45 մլրդ դրամ:

Լսելով վերլուծությունը՝ վարչապետ Կարապետյանը նկատել է, որ շահութաբերության բարձր ցուցանիշներ արձանագրած ձեռնարկությունները հիմնականում պետպատվեր ստացողներն են եւ ընդգծել. «Այս վիճակագրության մեջ մի պարզ ճշմարտություն կա. որտեղ մենք միջամտում ենք, այնտեղ շահույթ կա, որտեղ չենք միջամտում, շահույթ չկա: Անհրաժեշտ է շահութաբերության ցուցանիշը բարձրացնել: Այն, որ ներկայիս միջին շահութաբերությունը շատ ցածր է, չի նշանակում, որ պետք է առաջ գնանք 6 տոկոս շահութաբերությամբ: Յուրաքանչյուր նախարար պետք է ուսումնասիրի իր  ենթակայությամբ գործող հիմնարկների վերջին երեք տարիների գործունեությունը:Այն  ղեկավարը, ով  անհույս է՝ պետք է հեռացնել, իսկ նա, ով ներկայացնում է նորմալ ծրագիր՝ ավանսով պետք է նորից  նշանակել: Նախարարները պետք է հստակ յուրաքանչյուր ձեռնարկության  վերաբերյալ ներկայացնեն առաջարկություն: Վերլուծությամբ պետք է հասկանանք, թե 197 ձեռնարկությունից որն ենք սեփականաշնորհում, քանի տնօրենի ենք ժամանակ տալիս: Յուրաքանչյուր ձեռնարկության վերաբերյալ ինձ պետք է ներկայացնեք կանխատեսում, թե ինչ ենք անելու դրա հետ, նաեւ հանդես գաք վարչական, իրավական, բիզնես առաջարկներով»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է սահմանել հստակ ժամանակացույց, ըստ որի նախարարներն անհատական կարգով պետք է ներկայացնեն իրենց համակարգման ոլորտում գտնվող պետական մասնակցությամբ ձեռնարկությունների գործունեության վերլուծություն եւ առաջարկություններ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրին, որով նախատեսվում է մասնավորեցնել պետական բաժնեմաս ունեցող 41 առեւտրային կազմակերպություն: Վարչապետը հանձնարարել է ծրագիրը դնել շրջանառության մեջ, իսկ շահագրգիռ գերտեսչություններին՝ մեկ շաբաթվա ընթացքում դրա վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ: