Անիմաստ է հարվածներ հասցնել Իրանին, քանի որ դա էլ ավելի կմիավորի այդ երկիրն ու ազգին եւ չի զրկի ժողովրդին միջուկային զենք ձեռք բերելու ցանկությունից: Այս մասին նոյեմբերի 16-ին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, նշելով, որ այդպիսի քայլը, հնարավոր է, հետաձգի Իրանում միջուկային զենքի մշակումն ու ստեղծումը, սակայն գործընթացը չի կանգնեցնի:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին, Գեյթսն ընդգծել է, որ դրա համար «պետք է այլ միջոցներ օգտագործել»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը վաղուց է քննարկում Իրանին ռազմական հարված հասցնելու խնդիրը: Դրա մասին խոսել է դեռ Ջորջ Բուշ կրտսերը: Նման կոչեր հնչում են նաեւ իսրայելից, բայց մինչ օրս հակաիրանական ագրեսորներից ոչ մեկը չի համարձակվել նման քայլի գնալ: