Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Ստոկհոլմում տեղի ունեցած ահաբեկչությունը՝ պատրաստակամություն հայտնելով պայքարել ահաբեկչության դեմ։ Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը։

«Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի ակնհայտ ագրեսիայի կապակցությամբ որոշ արեւմտյան ու արաբական երկրների էյֆորիայի հեղեղում մենք ականատես դարձանք Եվրոպայում տեղի ունեցած հանցավոր գործողությունների»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, հիշատակելով նաեւ Սիրիայի ավիաբազայի վրա ԱՄՆ-ի հարվածների մասին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Քասեմին ցավակցել է Շվեդիայի ժողովրդին ու կառավարությանը տեղի ունեցածի կապակցությամբ, նշելով, որ Իրանը պատրաստ է կառուցողական համագործակցության՝ հանուն ահաբեկչության ու բռնությունների վերացման։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Ստոկհոլմի կենտրոնում առեւանգված բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել էր մարդկանց բազմության մեջ՝ սպանելով չորս, վիրավորելով 15 մարդու։