Արցախ այցելած բելգիացի մի խումբ պատգամավորներ «Բելգիացի պատգամավորներն Ադրբեջանի «սեւ ցուցակի» վերաբերյալ» խորագիրը կրող բաց նամակ են հղել Բելգիայում Ադրբեջանի դեսպանին։
Բելգիական «La Libre» թերթի փոխանցմամբ՝ նամակը ստորագրել են Անդրե դե Բյուսը, Ժան-Կլոդ Դեֆոսեն, Ջուլի դե Գրոտը, Սիմոն Զյուսկինդը, Ֆատումատա Սիդիբեն, Էրվե Դոյենը, Փոլ Դելվան, Բենուա Դրեզը, Էմանուէլ դե Բոկը եւ Պյեռ Կոմպանին, հաղորդում է «Արցախպրես»-ը:
Նամակում պատգամավորները մասնավորապես իրենց մտահոգությունն են հայտնում առ այն, որ Արցախ այցելելու համար հայտնվել են Ադրբեջանի «սեւ ցուցակում»։
«Ինչումն է մեր մեղքը՝ որպես Բելգիայի, Բրյուսելի, Ֆլանդրիայի եւ Վալոնիայի պատգամավորներ, որ Լեռնային Ղարաբաղում (Արցախ)` մայրաքաղաք Ստեփանակերտում, ձեռք ենք սեղմել մայրերի եւ հայրերի հետ։ Այս ինքնահռչակ հանրապետությունը 26 տարի առաջ անկախություն է հայտարարել ձեր երկրից՝ Ադրբեջանից»,- նշում են պատգամավորները:
Նամակի հեղինակները հայտնում են, որ բազմաթիվ անգամ այցելելով Արցախ, իրենք մտադրություն չունեին հակամարտության լուծումներ առաջարկելու։ Նրանք նշել են, որ Բելգիայում մոտ երկու դար առաջ լուծում են գտել միջազգային իրավունքի երկու սկզբունքների՝ ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության միջեւ, եւ որ ցանկացած հակամարտություն ունի իր յուրահատկություններն, ինչը պահանջում է ինքնատիպ եւ հարմարեցված լուծումներ՝ նշելով, որ այդ հնարավոր լուծումների վրա է աշխատում ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ որպես համապատասխան մանդատով օժտված կառույց։
«Այս կարճ եւ ոչ պաշտոնական այցերը մեզ մեկ հստակ բան սովորեցրին՝ բոլոր մայրերը, ինչպես նաեւ բոլոր այն ղեկավարները, ում հետ մենք զրուցել ենք, խաղաղություն են ուզում»,- նշում են պատգամավորները եւ հավելում. «Բայց մենք պարզեցինք նաեւ, որ Լեռնային Ղարաբաղը բաց ժողովրդավարություն է՝ իր անհամաձայնությունն ազատ արտահայտող ընդդիմությամբ, ինչպես նաեւ լրատվամիջոցների բազմակարծությամբ։ Վերջերս ներկա ենք գտնվել այնտեղ անցկացված սահմանադրական հանրաքվեին, որի ժամանակ դիտարկել ենք ընտրական գործընթացների համապատասխանությունը միջազգային չափանիշներին»։




























