Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ ապրիլի 8-ին, այցելել է հանրապետության հարավում տեղակայված զորամասերից մեկը եւ մասնակցել շաբաթօրյակի շրջանակներում այնտեղ կազմակերպված ծառատունկին:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը ծանոթացել է նաեւ զինվորների առօրյային ու ծառայության ընթացքին:
Նույն օրը նախագահն այցելել է «Վարանդա-3» ջրամբարի կառուցման շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին։ Երկրի ղեկավարը կարեւորել է օբյեկտի նշանակությունը մեր հանրապետության կյանքում՝ ընդգծելով նախատեսված ժամկետներում այն շահագործման հանձնելու եւ աշխատանքների որակյալ կատարման անհրաժեշտությունը։
Այնուհետեւ նախագահ Սահակյանը ծանոթացել է Ամարասի շրջակայքում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքին։




























