Հադրութի զորամասի պայմանագրային զինծառայող, ԼՂՀ քաղաքացի Դավիթ Ֆրունզեի Մելքոնյանը չի մահացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը: Նա նշեց, որ Մելքոնյանը գիտակցության է եկել եւ ներկա պահին Երեւանի կայազորի հոսպիտալում է:
Մինչդեռ թերթերից մեկն այսօր` նոյեմբերի 17-ին տեղեկություն էր հրապարակել, թե Դ.Մելքոնյանի կյանքը չի հաջողվել փրկել. նրա գլխուղեղի բջիջները դադարել են գործել:
Նշենք, որ պայմանագրային զինծառայող Դավիթ Մելքոնյանը ինքնասպանության փորձ էր արել նոյեմբերի 7-ին: Ըստ մամուլի տեղեկությունների, զինծառայողն իրականում ինքնասպանություն չի գործել, այլ նրան հոգեբանական ճնշման են ենթարկել, ապա` կախել: Ճնշողներից մեկը, ով ՀՀ քաղաքացի է, ձերբակալված է եւ այժմ գտնվում է Երեւանում: Մերի Սարգսյանն ասաց, որ այդ տեղեկությունը եւս չի համապատասպանում իրականությանը: Քրեական գործ հարուցված չէ եւ ձերբակալված մարդիկ չկան, նյութեր են նախապատրաստվում: «Նախաքննությամբ պարզվել է, որ նա վատ փոխհարաբերությունների մեջ է եղել մոր հետ: Կենցաղային հողի վրա վեճից հետո նա ինքնասպանության փորձ է կատարել իրենց տնից մոտ 100 մետր հեռավորության վրա՝ ծառից կախվելու միջոցով, որը կանխվել է նրա քրոջ կողմից: Նա ինքնասպանություն փորձ կատարելու պահին եղել է արձակուրդում»: Մերի Սարգսյանը նշեց նաեւ, որ Մելքոնյանը նախկինում եւս երկու անգամ ինքնասպանության փորձ է կատարել, սակայն հարեւաններին հաջողվել է կանխել փորձերը։
Քննությունը շարունակվում է:





























