Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հույս ուներ, որ 2017 թ. խորհրդարանական ընտրությունները կհաջողվի վերածել քաղաքական լուրջ պայքարի, սակայն, չստացվեց։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով հարցին, ինչու է ՀԱԿ-ը որոշել չմասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:
«Պարզ խնդիր է, մենք հույս ունեինք, որ Ազգային ժողովի ընտրությունները կհաջողվի վերածել քաղաքական լուրջ պայքարի, այսինքն՝ նպատակը ո՞րն էր, քանի որ իշխանությունը նախագահական ընտրությունները հեռացրել էր մեր Սահմանադրությունից, իսկ նախագահական ընտրությունները, ըստ էության, Հայաստանի նորանկախ պատմության մեջ միակ ընտրությունն է եղել, որը հնարավոր էր վերածել լուրջ քաղաքական պայքարի, արմատականացնել պայքարը, ։ փորձել ենք ժողովրդին բացատրել, որ հիմա Ազգային ժողովն է դա այդպիսի ընտրություն եւ ԱԺ ընտրությունները պետք է քաղաքականացվեն, գաղափարականացվեն, բայց դա մեզ չհաջողվեց, իսկ եթե Ազգային Ժողովի ընտրություններն անցան կլանային, մաֆիոզ, ընտրակաշառքային, խնամիական հարթությունում, Երեւանի ավագանու ընտրությունները հնարավոր չէ քաղաքականացնել»,– ասաց նա։
Լեւոն Զուրաբյանը նշեց, որ հենց խորհրդարանական ընտրությունների փորձից ելնելով է, որ կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:
«Փորձը ցույց տվեց, որ եթե մասնակցենք, պիտի ընդամենը լեգիտիմացնենք ընտրակաշառքը, ահաբեկումը, ադմինիստրատիվ լծակներով ճնշումները: Մենք կկենտրոնանանք Սահմանադրական դատարանի մեր դիմումի վրա, որը մենք համարում ենք շատ կարեւոր քայլ»,-նկատեց նա:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել ընտրակաշառքի զանգվածային բաժանում:
Նա նշեց, որ լեգիտիմ է այն ընդդիմությունը, որը խորհրդարան ներկայացված չէ։ Արդյոք «Ելք»–ին վերահսկվող ընդդիմությո՞ւն է համարում Լեւոն Զուրաբյանը, հստակ պատասխան չտվեց. «Դե, դուք ասացիք, հիմա գնացեք ճշտեք... շատ ճիշտ հասկացաք»։











