ՌԴ-ի եւ Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ջավադ Զարիֆը հեռախոսային զրույցում կոչ են արել Սիրիայի Իդլիբի նահանգում ենթադրվող քիմիական զենքի կիրառմամբ միջադեպի անկողմնակալ քննություն անցկացնել: Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: Զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ:

«Լավրովը եւ Զարիֆը կոչ են արել Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցած միջադեպի մանրակրկիտ անկողմնակալ քննություն անցկացնել, որը խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի է հանգեցրել»,- նշել են նախարարությունից:

«Քննարկվել է Սիրիայի ավիաբազայի վրա ԱՄՆ-ի հրթիռային հարվածից հետո երկրում ստեղծված իրավիճակը: Երկու կողմերն ընդգծել են, որ ինքնիշխան անկախ երկրի նկատմամբ նման ագրեսիվ գործողությունները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Կանոնադրության, տարածաշրջանային ավտանգության համար սպառնալիքներ են ստեղծում եւ վնաս հասցնում միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»,- տեղեկացրել են ԱԳՆ-ից: