Համակարգիչ օգտագործողների շրջանում կատարված հարցումները ցույց են տվել, որ Հայաստանում օրինական ծրագրերի կիրառմամբ հետաքրքրված են շատերը, քանի որ տեսել են ոչ օրինական ծրագրերից հասցված վնասները։ Այս մասին նոյեմբերի 17-ին, «Սպառողների իրավունքների պաշտպանության օրվան» նվիրված մամլո ասուլիսի ժամանակ, ասաց «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ ներկայումս հայ սպառողը դարձել է ավելի գիտակից եւ ավելի ակտիվ իր շահերը պաշտպանելու գործում։ Հարցվողների 65 տոկոսը կարծում է, որ պետք է գնել օրիգինալ ծրագրային ապահովում, անգամ եթե այն ավելի թանկ է։ Կեղծված ծրագրային ապահովումը հանգեցնում է նրան, որ սպառողը մեկը երեքի հարաբերությամբ անձնական տվյալների կորուստի խնդրի առջեւ է կանգնում։

Գ. Բարսեղյանի խոսքով՝ ոչ լիցենզիոն ծրագրերի կիրառումից տուժում են ոչ միայն երկրի տնտեսությունը եւ կազմակերպությունները, այլեւ երկրի ստեղծագործ հատվածը։

«Ինչո՞ւ մենք ունենք բազմաթիվ ծրագրավորողներ, սակայն չունենք համակարգչային խաղեր ստեղծողներ։ Նույնը վերաբերում է ֆիլմ, մուլտֆիլմ ստեղծողներին եւ այլն։ Նրանք պարզապես վստահ չեն, որ պաշտպանված են, իրենց ստեղծածը հաջորդ օրն իսկ չի կեղծվի»,- ասաց Գ. Բարսեյանը՝ նշելով, որ ստեղծված  իրավիճակում շատ բաներ չեն կարող զարգանալ, քանի որ ստեղծագործողները պարզապես չեն ցանկանում ստեղծել մի բան, որից պետք է գումարներ վաստակեն ուրիշները։

Նշենք, որ որպես պիրատության դեմ պայքարի մի մաս՝ «Մայքրոսոֆթ» ընկերությունն ամբողջ աշխարհում անցկացնում է  ամենամյա «Սպառողների իրավունքների պաշտպանության օր»: Միջոցառման նպատակն է՝ սպառողի ուշադրությունը բեւեռել կեղծված ծրագրային ապահովման խնդիրներին։