2011 թվականի մարտի մեկից բոլոր CD, DVD եւ այլ ձայներիզները կվաճառվեն հոլոգրաֆիկ նշաններով, ինչի շնորհիվ գնորդը կկարողանա տարբերակել օրինական արտադրանքը կեղծից։ Այս մասին նոյեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։ Նրա խոսքով՝ դա կբերի երկրում հեղինակային իրավունքի պաշտպանության մակարդակի բարձրացման։
«Սա լուրջ քայլ է, Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության արդյունք, ինչն էապես կնվազեցնի երկրում կեղծ արտադրանքի տարածումը»,- ասաց Գ. Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ 2006 թվականին, երբ «Մայքրոսոֆթ»-ը մուտք գործեց Հայաստան, երկրում պիրատության աստիճանը կազմում էր 96 տոկոս, սակայն այժմ այդ թիվը նվազել է։ 2009 թվականին անցկացված ուսումասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում պիրատության ցուցանիշը 90 տոկոս է։
«Այդ վեց տոկոսի նվազեցման արդյունքում երկրի պետբյուջե է մտել 5 մլն դոլարին համարժեք դրամ»,- ասաց Գ. Բարսեղյանը։




























