Բանակում իրականացվող վերլուծությունները եւ վիճակագրությունը ցույց են տալիս, որ խախտումները, արտակարգ պատահարները ՀՀ Զինված ուժերում ոչ թե ավելանում, այլ նվազում են: Նման տեսակետ է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` համալսարանական զինակոչիկների հետ հանդիպման ժամանակ:

«ՀՀ ԶՈՒ-ի կայացման ընթացքից մինչեւ այսօր դրանք հասել են նվազագույն քանակի: Բանակն այնպիսի կառույց է, որտեղ գերակշռող մասն արական սեռի ներկայացուցիչներ են, որոնք իրենց եռանդով, անձնական հատկանիշներով ծառայության ընթացքում ինքնահաստատման խնդիրներ են լուծում, որոնք էլ բերում են կարգապահական խախտումների»,- ասել է նախարարը, հավելելով, որ սպակայական կազմի կողմից խախտումների մեծ մասի պատճառ են հանդիսանում զինծառայողների` իրենց պարտականությունների չկատարման փաստերը:

«Արտակարգ պատահարները, իրավախախտումները ԶՈՒ-ում եղել, կան եւ ցավոք հնարավորինս նվազեցված քանակությամբ լինելու են, պարզապես այսօր բարձրացել է հասարակական իրազեկումը, որի արդյունքում էլ հասարակությունն իրազեկվում է բանակում արձանագրվող պատահարների վերաբերյալ: Բանակը բոլորինս է եւ միասին պետք է աշխատենք` նրանում առկա թերությունները վերացնելու համար»,- ասել է Սեյրան Օհանյանը: