Հայաստանի մարզերում բնակվող երիտասարդ ընտանիքները «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան»  ծրագրի շրջանակներում այսուհետ հնարավորություն կունենան նախկին 8-9 տոկոսադրույքի փոխարեն առավելագույն 7, 5 տոկոսադրույքով հիպոտեքային վարկեր ստանալ: Նոյեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: Նրա խոսքով, սա մեկն է այն փոփոխություններից, որը նախատեսվում է իրականացնել  նոյեմբերի 11-ի ՀՀ կառավարության որոշմամբ:

Քարամյանը նշեց, որ հանրապետության մարզերում բնակարաններ ձեռք բերելու պետության կողմից սուբսիդավորումը 2 տոկոսից դարձել է 4 տոկոս:

Փոխնախարարի համոզմամբ, այսպես երիտասարդ ընտանքիներն ավելի հեշտությամբ կկարողանան բնակարաններ ձեռք բերել, թեեւ, ինչպես նշեց նա, «բացարձակ առումով գուցե մատչելի չէ»:

Արսեն Քարամյանը նաեւ հաղորդեց, որ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան»   ծրագրով մինչ օրս բնակարան է ձեռք բերել 175 ընտանիք, որի միայն 10 տոկոսն է մարզաբնակ: 30 փաթեթներ դեռեւս քննարկման փուլում են:

Փոխնաարարը նշեց, որ փոփոխվել է նաեւ կանխավճարի չափը. նախկին 30 տոկոսի փոխարեն դարձել է 10 տոկոս: