ՀՀ ԱՆ «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ում  «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով կազմակերպված բժշկական կոնսիլիումի արդյունքում որոշվել է նրան տեղափոխել համապատասխան վերականգնողական կենտրոն՝ բուժելու: Այս մասին  այսօր՝ ապրիլի 12-ին, NEWS.am-ը տեղեկանում է նրա շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանից:

Բժշկական կոնսիլիումից հետո Հովհաննես Հարությունյանին տեղափոխել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ: Վերականգնողական կենտրոն տեղափոխելու ցուցում իրավասու մարմինների կողմից դեռեւս առկա չէ, կատարվում է փաստաթղթավորում:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը  ոտքի ծանր վիրավորում էր ստացել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում:

Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է: